Ինչո՞ւ են լավ մարդկանց հետ վատ բաներ պատահում | Davitsim.blogspot.am

  Ինչո՞ւ են լավ մարդկանց հետ վատ բաներ պատահում


Ամեն մարդ, ով առաջին անգամ կարդում է Հոբի գիրքը, շփոթվում է այս պատմությունից. արդար մարդու հետ պատահածը հնարավոր չէ բացատրել:
Ու շարունակ իր մեջ կրկնվում է այս հարցը՝ ինչու՞ վատ բան պատահեց լավ մարդու հետ: Այն, ինչ պատահեց Հոբի հետ, ամեն տրամաբանող մարդ կհամարեր վատ իրադարձություն, որ պատահեց լավ մարդու հետ:
Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանալ` ինչ է լավ կամ վատ բանը: Երբ ուսումնասիրում ես Աստվածաշունչը, հնարավոր չէ մեկ երևույթով գնահատել մարդկանց հետ կատարվող անցանկալի բաները:
Այս պատճառով կարիք կա ավելի խորը ուսումնասիրել Աստծո Խոսքը և վեր հանել բոլոր պատճառները, որոնք կարող են վատ հետևանքներ ունենալ:
Այդ պատճառներից ես կառանձնացնեի սրանք՝
Անփութություն
Աստծուն հավատացող և նվիրված մարդիկ նույնպես պետք է ուշադիր լինեն:
Աստված շատ խոստումներ տվել է, բայց ոչ մի տեղում չի ասել, որ, օրինակ, մենք կարող ենք հեռախոսով խոսելով կամ ականջակալներով երաժշտություն լսելով բանուկ փողոց անցնել:
Այս դեպքում կարող է տեղի ունենալ դժբախտ պատահար, որի պատասխանատուն Աստված չի լինի:
Ընդհանրապես քրիստոնյաների մեջ էլ, անգամ հոգևոր աճի պարագայում, շարունակում է մնալ այն անպատասխանատվությունը, որ ամեն բանի համար պատասխանատու է Աստված, քանի որ Ինքը Աստված է, իսկ մարդը պիտի ապրի այն ճակատագրին հնազանդ, որը իրեն բաժին է ընկել:
Որքան էլ որ մարդը նվիրված և Աստծուն հնազանդ է, միևնույն է, Աստծո Խոսքը հորդորում է արթուն լինել:
Սիրելիներ, որքան ձեզանից է կախված, ուշադիր ու արթուն եղեք, իսկ ձեր հնարավորությունից այն կողմ եղածի համար վստահեք Ամենակարողին:
Աստծո Խոսքը արհամարհելը
Աստծո Խոսքի արհամարելու երկու մակարդակ եմ ես տեսնում: Առաջինը՝ պարզ մակարդակն է, երբ Աստված ասում է, օրինակ` եկամուտիդ մեկ տասերորդը քոնը չէ, իսկ մարդը չի ընդունում:
Որոշ ժամանակ անց այս մարդը հավաքում է իր ցանածի արդյունքը:
Երկրորդ մակարդակը այն է, երբ Աստծուն հնազանդ և կոչման մարդը, որը շատ գործեր է արել Տիրոջ և Նրա ժողովրդի համար, ընթացքից փոքր-փոքր որոշումեր է կայացնում, որոնք չեն համապատասխանում Նրա կամքին:
Ընդունված է կարծել, որ Աստծո մեծերը սխալվել չեն կարող կամ եթե սխալվեն, նրանց համար ուրիշ չափանիշներ կգործեն: Բայց դա այդպես չէ, Աստծո Խոսքից մենք հասկանում ենք, որ Աստծո մոտ աչառություն չկա:
Եթե Աստծո օրենքը գործեց Ադամի, Մովսեսի, Դավիթի, Անանիայի և Սափիրայի համար կգործի նաև այն բոլոր լավ մարդկանց նկատմամբ, ում դու ճանաչում ես:
Հապճեպ որոշումներ մի՛ կայացրու, այլ փորձիր զգալ Աստծո կամքը մասնավոր իրավիճակի համար:
Թշնամու ծուղակներ
Աստծո մարդիկ նույնպես երբեմն անզգույշ են լինում: Կյանքի, ծառայության լարվածության, բնավորության պատճառներով Աստծո մարդիկ էլ կարող են դուռ բացել սատանայի համար:
Եկեղեցու պատմությունից մեզ հայտնի է որոշ մեծ ծառայողների անկում, որոնք արհամարհեցին սատանայի գոյությունը: Այս կապակցությանբ Տերը մեզ հորդորում է խորագետ լինել՝ զգուշացնելով, որ սատանան էլ լուսավոր կերպարանք կարող է ունենալ: Սուրբ Հոգով լցված կենդանի աղոթքի կյանքը կօգնի բացահայտել թշնամու որոգայթները և ապահովագրվել թշնամու ծուղակներից:
Փորձություն
Տարբեր մարդիկ, ունենալով տարբեր արժեհամակարգեր, նույն իրադարձությանը տարբեր գնահատականներ կարող են տալ: Այնպես որ կան որոշ անցանկալի դեպքեր, որոնք անհրաժեշտ են մարդուն օրհնության հասնելու համար: Այս բաների հեղինակն Աստված Ինքն է:
Օրինակ՝ այն ամենը, ինչ կատարվեց Հովսեփի հետ, մենք կգնահատեինք վատ բաներ: Սկզբից հարազատ եղբայրները ուզում էին սպանել նրան, բայց հրաշքով կենդանի մնաց ու հայտնվեց գերության մեջ:
Այստեղից էլ ի պատասխան սրբության ու հավատարմության՝ հայտնվեց բանտում: Բայց նրա համար սա էր Եգիպտոսի գահին տանող միակ ճանապարհը:
Նման մի բան էլ պատահեց Դանիելի և էլի շատերի հետ: Այս դեպքերը նպատակ ունեն վեր հանելու կոչման հետևից գնացող մարդկանց թերություններն ու պակասությունները, ուղղելու սխալները:
Այս վատ բաները որպես կանոն բարի վախճան են ունենում: Այս բաների համար Աստված մեզ կոչ է անում համբերող լինել, հույսով սպասել Նրա հայտնությանը:
Անբացատրելի
Որքան էլ այս չորս կետերում պատճառները մեզ համար հասկանալի ու ընկալելի են, կան իրադարձություններ, որոնք երկրի վրա անբացատրելի են: Դրանք երկնային երևույթներ են:
Օրինակ՝ մեր Տիրոջ հետ պատահած բաները: Ինչո՞ւ, մեր սիրո պատճառով, Հայրը հաճեցավ Նրան ցավեցնել: Միգուցե մենք հեշտ բացատրություն ունենք, որ մեզ փրկեր:
Բայց սա Նրա հետ պատահածի բացատրությունը չէ, այլ հետևանքը:
Ես չգիտեմ՝ ինչու Եզեկիելը պիտի չարչարանք կրեր ուրիշների փոխարեն, իսկ Երեմիան երկար տարիներ բանտերում անցկացներ:
Երևի ողջ Իսրայելում ամենահավատարիմ մարդը Ովսե մարգարեն էր, բայց ինչու Ովսեն պիտի ամուսնանար մի անհավատարիմ կնոջ հետ:
Ինչպես առաջին դարում Հռոմում, այսօր էլ մարդիկ նահատակվում են Քրիստոսի համար: Հավանաբար մենք երբեք էլ այդ մարդկանց հետ պատահածը չենք հասկանա, որովհետև դա այդ մարդկանց և Քրիստոսի անբացատրելի, անձնական հարաբերությունն է, նրանց անքննելի գաղտնիքը:
Եղե՛ք օրհնված Հիսուս Քրիստոսի մեջ:
                                                                                                                        Սամվել Գասպարյան

Комментариев нет

Технологии Blogger.